Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով զորավարժարանում զինծառայողի մահվան դեպքին:

«2024 թվականի մայիսի 26-ին ժամը 13։00-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի հետևանքով թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա. Արոյանը նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 13։40-ին վերջինս մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատես մի շարք անձինք, վկաներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պատասխանատուների և մեղավորների շրջանակն ի հայտ բերելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մայիսի 26-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:

Տեսանյութեր

Լրահոս