Բաժիններ՝

Թավրիզում մեկնարկել է ուղղաթիռի վթարից զոհված նախագահ Ռայիսիին և նրա պատվիրակությանը հրաժեշտ տալու արարողությունը

Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքում սկսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող 7 պաշտոնյաների հուղարկավորության արարողությունը, որը կտևի երեք օր։

Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

8 զոհերի հուղարկավորության արարողությունը սկսվել է Թավրիզում՝ մայիսի 21-ի առավոտյան։ Մեկ այլ արարողություն պետք է տեղի ունենա Ղոմ քաղաքում՝ երեկոյան։

Ըստ հրապարակման՝ այնուհետև զոհերի մարմինները կտեղափոխվեն Թեհրան, որպեսզի գիշերը մարդիկ նրանց հրաժեշտ տան Մոսալլայի մեծ մզկիթում։

Մայիսի 22-ի առավոտյան տեղի կունենա մահացածների համար ծիսական աղոթք, և մարդիկ կմասնակցեն թաղման թափորին, որը կանցնի Թեհրանի համալսարանից մինչև Ազատության հրապարակ։

Իսկ մայիսի 22-ի երեկոյան Թեհրանում զոհերի հիշատակության արարողությանը ներկա կգտնվեն օտարերկրյա պաշտոնյաներ և բարձրաստիճան պատվիրակություններ։

Մայիսի 23-ի կեսօրին նախագահ Էբրահիմ Ռայիսին կհուղարկավորվի Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում, որտեղ գտնվում է Իմամ Ռեզայի դամբարանը։

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կստանձնի նախագահի պարտականությունները։ Երկրում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 28-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս