Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել
Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել: Այս մասին իր Telegram ալիքում գրել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Կամիկաձե անօդաչուն գրոհել է ընթացող մարդատար ավտոմեքենայի վրա, որի մեջ գտնվում էին վարորդը և երեք ուղևորներ: Միջադեպը տեղի է ունեցել Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանի հսկիչ անցակետի մոտ։ Ցավոք, կա զոհ. պայթյունի հետևանքով ստացած վերքերից կինը տեղում մահացել է», – հայտնել է նա։
Գլադկովը հավելել է, որ մեքենայում գտնվող բոլոր անձինք ՝ զոհվածի ամուսինը և վերջինիս հայրն ու մայրը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտնում են Ուկրաինայի կողմից ՌԴ սահմանամերձ շրջանների գնդակոծության մասին։ ՀՕՊ համակարգերը հիմնականում հետ են մղում հակառակորդի գրոհները:
Մայիսի 17-ին Գլադկովը հայտնել էր Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով մեկ կնոջ և նրա 4-ամյա երեխայի զոհվելու մասին։
Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում Բելգորոդի մարզում ԱԹՍ-ների հարձակումները։