Բաժիններ՝

Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազին այն բանի համար, որ վերջինս դիմում է ներկայացրել իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ միասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նեթանյահուն ասել է, որ «նողկանքով մերժում է» այն, որ «ժողովրդավարական Իսրայելը» համեմատել են, իր խոսքով, «զանգվածային մարդասպանների հետ»։ Նա ՄՔԴ-ի դիմումն անվանել է «անհեթեթ և կեղծ», իսկ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց հետ համեմատելը՝ «իրականության խեղաթյուրում»։

Նման մեկնաբանություններ է արել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հավասարության նշան չկա։

«Հստակ է, որ Իսրայելը ցանկանում է անել ամեն բան՝ քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու համար», – նշել է Բայդենը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես հայտնել է, որ Վաշինգտոնը մերժում է ՄՔԴ-ի քայլը։ Նա նշել է, որ ձերբակալման հրամաններ ստանալու դիմումը կվտանգի հրադադարի հասնելու ջանքերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի, շարժման ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Դիաբ Իբրահիմ ալ Մասրիի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի ձերբակալման հրամաններ ստանալու համար՝ նշելով, որ ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ նրանք պատասխանատվություն են կրում «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

ՄՔԴ-ի դատավորներն այժմ պետք է դիտարկեն վերոնշյալ պաշտոնյաներին ձերբակալման հրամաններ տալու հարցը, իսկ հաստատման դեպքում ՄՔԴ-ի անդամ երկրները պարտավոր են հնարավորության դեպքում ձերբակալել նրանց։

Ի դեպ, Իսրայելը և նրա դաշնակից ԱՄՆ-ն ՄՔԴ-ի անդամներ չեն։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 35 500 պաղեստինցի է զոհվել, 80 000-ը՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս