Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, երկուստեք ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման
հարցում։

«Հայաստանը՝ որպես չտարածման ջատագով, հավատարիմ է պայմանագրին իր հանձնառությանը, ինչպես նաև կարևորում է մինչ օրս կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու տեսանելիության ավելացումը»:

Զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության հարցեր, մասնավորապես կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համատեքստում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից պայմաններում առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի։

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը Հայաստանը ստորագրել է 1996 թ. հոկտեմբերի 1-ին և վավերացրել է 2006 թ. հուլիսի 12-ին:

Տեսանյութեր

Լրահոս