Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Իսրայելի բանակը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի արևելքում գտնվող պաղեստինցիներին տարհանվելու հրահանգ է տվել։ Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։
Ըստ ԻՊԲ-ի տարածած հայտարարության՝ պաղեստինցիներին արաբերենով թռուցիկներ են բաժանվել, հաղորդագրություններ ուղարկվել և ԶԼՄ-ների միջոցով տեղեկացվել է, որ մի շարք հատվածներից հարկավոր է «անմիջապես տարհանվել դեպի ալ Մուվասիում գտնվող ընդլայնված հումանիտար տարածք»։
«Այդ տարածքներում մնալը վտանգի տակ է դնում ձեր կյանքը», – նշված է հաղորդագրությունում։
Իսրայելի բանակը նաև հայտնել է, որ շուտով ռազմական գործողություն է սկսելու «տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ»։
ԻՊԲ-ն նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ հրադադարի և գերիների վերադարձի շուրջ բանակցություններ են ընթանում։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մայիսի 5-ին հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը լուրջ չի վերաբերվում հրադադարի գործարքին, և նախազգուշացրել է «շատ մոտ ապագայում Ռաֆահում հզոր գործողության մասին»։
Նախարարի հայտարարությանը նախորդել էր ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի Քերեմ Շալոմ անցակետի վրա, որով հումանիտար օգնություն էր մատակարարվում Գազայի հատվածին։ Հարձակման հետևանքով իսրայելցի 3 զինվոր էր զոհվել։
Ըստ Reuters գործակալության՝ Իսրայելը հայտնել է, որ Ռաֆահից 10 արկ է արձակվել անցակետի վրա, որն այժմ փակվել է հումանիտար օգնությամբ բեռնատարների համար։ Մյուս անցակետերը բաց են մնում։
ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը ավիահարված է հասցրել Ռաֆահում գտնվող մի տան, որի հետևանքով, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, 3 մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Իսրայելը հաստատել է հակահարձակումը՝ ասելով, որ հարվածել է արձակման կայանքին, որտեղից ՀԱՄԱՍ-ն արկեր էր արձակել, ինչպես նաև մոտակա ռազմական կառույցի։
Ըստ Գազայի իշխանությունների՝ կեսգիշերից առաջ Իսրայելը ավիահարված է հասցրել Ռաֆահում գտնվող ևս մեկ տան, որի հետևանքով 9 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Գազայի իշխանությունները նշել են, որ մայիսի 5-ին իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է առնվազն 19-ի։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհվել է ավելի քան 34 600 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 77 000-ը։