
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ մայիսի 2-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման են ենթարկվել մի խումբ անձինք:
ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ոստիկանությունը Տավուշում ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- նշված էր ՆԳՆ հայտարարության մեջ։