Ժամը 14։00-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել են 21 հազար 62 մեքենա և տրանսպորտային միջոցներ։ Գրանցվել է հաշվառված քաղաքացիների թվի աճ, որն այս պահին կազմում է 82 հազար 827։

Այդ մասին ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ պետության կողմից տրամադրված կեցավայրերից օգտվող մեր հայրենակիցների ընդհանուր թիվը կազմում է 34 հազար 607։ Բռնի տեղահանված անձանց բաշխվածությունն ըստ մարզերի 14։00-ի դրությամբ ունի հետևյալ տեսքը. Արագածոտն՝ 1878 անձ, Արարատ՝ 8194, Արմավիր՝ 3104, Գեղարքունիք՝ 3009 անձ, Լոռի՝ 1626 անձ, Կոտայք՝ 9490, Շիրակ՝ 1391, Սյունիք՝ 2273, Վայոց ձոր՝ 1740, Տավուշ՝ 1902։

«Կեսգիշերից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածների մուտքի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է։ Գործընթացում այժմ ներգրավված են այն մարդիկ, ովքեր դեռ չեն տեղաբաշխվել և գտնվում են Գորիսի կամ Վայքի հիմնական կենտրոններում։ Նրանք ուղղորդվում են մարզեր, որտեղից այն կեցավայրեր, որտեղ այս պահին կարճաժամկետ ընթացքով առաջարկում է պետությունը։ 13 շտապօգնության մեքենաները, որոնք մեկնել էին Ստեփանակերտ՝ տեղափոխելու շարժողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին, արդեն դուրս են եկել Ստեփանակերտից և ուղևորվում են Գորիս»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ կառավարության բոլոր գործողությունները, որոնք այս պահին նպատակաուղղված են, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցները օր առաջ ավելի ապահով և բարեկեցիկ պայմաններում տեղավորվեն՝ շարունակելով իրենց կյանքը Հայաստանում, կատարվում են 24-ժամյա ռեժիմով։ Ինչպես և հայտարարվել էր, բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հատկացվելու է 100 հազար դրամ։ Այդ պրոցեսն այժմ ընթացքի մեջ է։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստում է բոլոր մեխանիզմները, որոնք հնարավոր կլինի գործարկել հաջորդ շաբաթվա ընթացքում։

«Գործընթացն ավելի արագացնելու համար կարևոր է, որպեսզի միասնական սոցիալական ծառայություններում նախևառաջ ֆիքսվի, թե արդյոք տվյալ անձն ունի բանկային քարտ, թե ոչ։ Հաշվառման գործընթացը և միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակներում նույնականացումը նույնպես շատ կարևոր են։ Տվյալ գործընթացներից է կախված, թե երբ գումարները կտրամադրվեն մեր հայրենակիցներին»,- ասաց Բաղդասարյանը։

Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ բոլոր մարզերում և խոշոր համայնքային կենտրոններում գործում են հաշվառման կենտրոններ, որոնց վերաբերյալ տվյալները կարելի է գտնել irazekum.am կայքում, որտեղ նշված են պատասխանատու անձանց կոնտակտները, ինչպես նաև հաշվառման հասցեները։

Տեսանյութեր

Լրահոս