
ՀՀ առողջապահության նախարարը Գորիսի ԲԿ-ում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական վիճակին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առողջական վիճակին և տրամադրվող բուժսպասարկմանը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Անահիտ Ավանեսյանին է ներկայացվել բուժառուների առողջական վիճակը, որն այս պահին գնահատվում է հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր:
Նախարարը եղել է բոլոր այն բաժանմունքներում, որտեղ այս պահին բուժում են ստանում տուժածներ, լսել նրանց կարիքները:
Բժիշկները նշել են, որ երկարատև շրջափակման հետևանքով բուժառուներն ունեն նաև սրտանոթային, նյարդաբանական և այլ խնդիրներ:
Վիճակների կայունացումից հետո հնարավոր կլինի տուժածների տեղափոխումը և հետագա բուժումը կազմակերպել մասնագիտացված բուժհաստատություններում։