Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձևերով հարձակումների է ենթարկել: Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իր իսկ խոսքերով` Ադրբեջանի նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 և 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաև նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը:
Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել և սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության և գոյատևման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում։
Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում»,- ընդգծել է Սիմոնյանը։
Ըստ ԱԺ նախագահի՝ Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար: