«Ազգային առաջընթաց»-ը և «Մայր Հայաստան»-ը կբոյկոտեն ավագանու առաջին նիստը, «Հանրային ձայնը»-ը պատրաստ է միանալ պայմանով

Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հոկտեմբերի 10-ին չեն մասնակցի Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին, «Հանրային ձայն»-ը պատրաստ է միանալ բոյկոտին, սակայն՝ պայմանով:

«Մայր Հայաստան»-ը հայտարարել է, որ ամբողջ կազմով չեն ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին:

«Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը»,-հայտարարել էին «Մայր Հայաստան»-ից:

«Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում «Ազգային առաջընթաց»-ի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը ևս հայտարարել էր՝ քանի որ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար բավարար ձայներ չեն լինելու, մնում է մեկ տարբերակ՝ ավագանու նոր ընտրություններ:

«Մեր խմբակցությունը հայտարարում է, որ մենք գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների: Իսկ դա անելու համար մենք պետք է ընդամենը ներկա չգտնվենք ավագանու առաջին նիստին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մենք ներկա չենք գտնվելու այդ նիստին, որ քվորում չապահովվի, նիստը տապալվի, քաղաքապետ չընտրվի և գնանք ավագանու նոր ընտրությունների»,-ասել է Հայկ Մարությանը:

Մարությանը նշել էր՝ մնում է միայն «Հանրային ձայն»-ի դիրքորոշումը, եթե այդ խմբակցությունից անգամ մեկ անդամ ներկա լինի, ապա նիստը կկայանա, և կընտրվի իշխանական թեկնածու:

Ավելի ուշ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտնել է, որ պատրաստ է միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի՝ Երևանի ավագանու առաջին նիստը բոյկոտելու որոշմանը, եթե իր հետ պայմանագիր կնքեն, որ ամեն երրորդ թաղապետի պաշտոնն իր ուժին է հանձնվելու։

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս