
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 300 մլն դոլարի օգնության օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ հաստատել է Ուկրաինային 300 միլիոն դոլարի չափով նոր օգնությունը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Քվեարկության տվյալներով՝ օրինագիծը պաշտպանել է 311 օրենսդիր, դեմ է արտահայտվել 117-ը։
300 միլիոն դոլարն ի սկզբանե ներառվել է 2024 ֆինանսական տարվա պաշտպանության նախարարության ֆինանսավորման օրենսդրության մեջ, ինչն առանձին հանրապետականների շրջանում հակազդեցություն է առաջացրել:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության առաջնորդները Պենտագոնի ֆինանսավորման օրինագծից բացառել էին Ուկրաինային հատկացվող 300 միլիոն դոլարի օգնությունը։
Ներկայացուցիչների պալատում բուռն վիճաբանություններ է առաջացնում Ուկրաինային աջակցելու հարցը. որոշ օրենսդիրներ պահանջում են կրճատել Կիևին տրամադրվող օգնությունը, իսկ մյուսները հայտարարում են, որ Միացյալ Նահանգները պետք է աջակցի իր դաշնակցին: