ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահը կուսումնասիրի Թուրքիայի հետ F-16 գործարքը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահ Բեն Քարդինը կուսումնասիրի Թուրքիայի հետ F-16 կործանիչների վաճառքի շուրջ 20 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը։

«Ես պետք է խոսեմ վարչակազմի հետ այս հարցերից շատերի շուրջ, քանի որ սա ավելի քան մեկ հարցի մասին է, և ես պետք է դա հասկանամ», – լրագրողներին ասել է դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը՝ այս հեղինակավոր հանձնաժողովի ղեկավարությունը ստանձնելուց մեկ օր անց, հայտնում է Reuters-ը։

Քարդինն ասել է, որ ՆԱՏՕ-ի դեսպանների հանդիպմանը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը։ «Նրանք պնդում են, որ դա կարվի հաջորդ ամսվա առաջին կեսին»,- ասել է նա։ «Եթե դա իսկապես այդպես է, ապա գոնե մենք ՆԱՏՕ-ի խնդրի լուծում ունենք, բայց ՆԱՏՕ-ին անդամակցությունից դուրս այլ հարցեր կան, որոնք պետք է լինեն մեր քննարկումների մաս, երբ մենք առաջ շարժվենք»:

Հանձնաժողովի նախորդ նախագահը՝ սենատոր Բոբ Մենենդեսը, մի քանի ամսով արգելափակել էր F-16-երի վաճառքը Թուրքիային՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թուրքական առարկությունների, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների և հարևան Հունաստանի օդային տարածքով թռիչքների պատճառով։

Սենատի կանոնները ստիպեցին Մենենդեսին հեռանալ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից՝ կաշառակերության մեղադրանքներից հետո:

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարները ստուգում են արտասահման զենքի յուրաքանչյուր խոշոր վաճառք: Նրանք պարբերաբար հարցեր են տալիս կամ մտահոգություններ են հայտնում մարդու իրավունքների կամ դիվանագիտական ​​խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են հետաձգել կամ դադարեցնել նման գործարքները:

Մենենդեսի դեմ մեղադրանքներից հետո Էրդողանն ասել է, որ Թուրքիան պետք է սենատորի իրավական խնդիրները վերածի կործանիչներ ձեռք բերելու հնարավորության։ «Տեսադաշտում Մենենդես չունենալը առավելություն է», – լրագրողներին ասել է Էրդողանը թուրքական լրատվամիջոցները:

Նա Շվեդիայի դիմումի վավերացումը կապել է նաեւ կործանիչների ձեռքբերման հետ։

Տեսանյութեր

Լրահոս