Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ
Հակարիի կամուրջը ժամը 15:00-ի դրությամբ հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 հազար 243 հայ:
Այս մասին հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան՝ հավելելով, որ պետությունը հոգացել է 5700 անձի կեցության խնդիրները:
«Մյուս մեր հայրենակիցները հրաժարվել են առաջնային օգնությունից և մեկնել են իրենց կեցության վայրեր: Հաջորդիվ արդեն հաշվառման և կարիքների գնահատման գործընթացից հետո շարունակական ծրագրեր կյանքի կկոչվեն»,- հավելեց Բաղդասարյանը՝ կարևորելով հաշվառման և կարիքների գործընթացը պետության կողմից հետագայում հումանիտար ծրագրերի իրականացման համար:
Նրա խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով 114 Թեժ գծին ստացվել է 6900 զանգ, իրականացվել է նաև 4900 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատումը: