ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կարճաժամկետ բյուջեի նախագծի առաջադրմանը՝ «շաթդաունից» խուսափելու համար
ԱՄՆ Սենատը սեպտեմբերի 26-ին քվեարկել է ժամանակավոր բյուջեի նախագիծն առաջադրելու օգտին, որը թույլ կտա, որ կառավարությունը շարունակի իր գործունեությունը մինչև նոյեմբերի 17-ը։ Այս մասին հաղորդում է The Hill-ը:
Ըստ քվեարկության արդյունքների՝ այս միջոցառմանը կողմ է քվեարկել 77 օրենսդիր, դեմ՝ 19-ը։
Սենատի մեծամասնության առաջնորդ Չաք Շումերն ավելի վաղ ժամանակավոր բյուջեն նկարագրել է որպես «կամուրջ», որը թույլ կտա խուսափել կառավարության աշխատանքի դադարեցումից և կոնգրեսականներին ավելի շատ ժամանակ կտրամադրի ֆինանսավորման երկարաժամկետ լուծման շուրջ բանակցելու համար:
Շումերը խոստովանել է, որ համաձայնագրում «չի լինի այն ամենը, ինչ երկու կողմերը ցանկանում են», բայց այն «կօգնի հասնելու մեր անմիջական և անհրաժեշտ նպատակին՝ խուսափել կառավարության շաթդաունից»:
Մասնավորապես, օրինագծով նախատեսվում է 4,5 միլիարդ դոլար հատկացնել պաշտպանության նախարարության միջոցով «Ուկրաինայում ստեղծված իրավիճակին արձագանքելու համար»։
Փաստաթուղթը նաև ներառում է ևս 1,65 միլիարդ դոլարի ֆինանսավորում ԱՄՆ պետքարտուղարության միջոցով Կիևին լրացուցիչ օգնության համար, որը հասանելի կլինի մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը։
Բացի այդ, նախատեսվում է 5,99 միլիարդ դոլարի հատկացում տարերային աղետների դեպքում օգնության համար, նաև ժամանակավորապես երկարացվում է Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչության լիազորությունների ժամկետը:
Սենատի կողմից օրինագծի հաստատումից հետո այն կարող է քվեարկության դրվել Ներկայացուցիչների պալատում, որտեղ հաստատվելուց հետո էլ կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության համար։ Այս ամենը պետք է տեղի ունենա մինչև հոկտեմբերի 1-ը, որպեսզի պետական հաստատությունները չդադարեցնեն աշխատանքը։