Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են նիստեր գումարել։ Հոկտեմբերի 3-ին գումարվելու են ԱԺ լիագումար նիստերը, եւ հանձնաժողովներում քննարկված նախագծերն արդեն կքննարկվեն այնտեղ։ Այս նստաշրջանում թերեւս բուռն քննարկման է ենթարկվելու 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ, կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելու վերաբերյալ հարցը։
Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նախագիծը մինչեւ լիագումար նիստում քննարկվելը կքննարկվի նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այդ նույն նիստում մեկ այլ հետաքրքիր նախագիծ էլ է քննարկվելու, որով կառավարությունն առաջարկում է ընդունել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ։
Այսինքն՝ այսուհետ վարչապետն է որոշելու այդ կարգն ու օգտվելու կանոնները։ Մեկ այլ նախագծով էլ կառավարությունն առաջարկում է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորներին տալ հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով: Այս որոշումը կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից»: