Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններ չի իրականացնի և կհամաձայնի դիտորդական առաքելության ուղարկմանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի դեմ հետագա ռազմական գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Բլինքենը նաև Ալիևին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրամադրել երաշխիքներ առ այն, որ նրանք կարող են ապահով ապրել իրենց տներում, և որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն։
«Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին լայն համաներում կատարել և թույլ տալ միջազգային դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նշել է նախագահի՝ հրապարակայնորեն հայտարարած հանձնառությունները՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող բոլորին օգնելու կառուցել ապագա՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա», – նշված է հաղորդագրությունում։
Ավելի ուշ Միլլերը թեմային անդրադարձել է նաև ճեպազրույցի ընթացքում։
«Պետքարտուղարն այսօր (խմբ.՝ սեպտեմբերի 26-ին) կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և շեշտել հետագա ռազմական գործողություններ չթույլատրելու հրատապությունը, ընդգծել, որ քաղաքացիական անձանց համար պետք է ապահովվի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ, և որ դեպի Լեռնային Ղարաբաղ պետք է անարգել հումանիտար հասանելիություն լինի», – նշել է պաշտոնյան։
Ըստ Միլլերի՝ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հայտնել է, որ հետագա ռազմական գործողություններ չեն լինի։
«Մենք ակնկալում ենք, որ նա այդպես կվարվի։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա այդպես կվարվի», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Մեթյու Միլլերը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելության ուղարկման հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ։