Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով։ Սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը նախապես գույքագրել էր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գտնվող հյուրատները և հյուրանոցները, որտեղ մարդկանց առաջին իսկ դիմումով կարող են մարդկանց տեղավորել։
« Մենք այս երեք օրերի ընթացքում արդեն իսկ 2500-ից ավելի անձանց կեցավզյրով ենք ապահովել։ Նրանցից մոտ հազարը տեղակայված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքի մարզում։ Եվ այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում մարդկանց տեղակայումը։ Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ»,- ասաց Խաչատրյանը։