ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ. Փաուերը՝ ԼՂ-ի մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շատ անհանգստացնող հաղորդումներ է ստացել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով հարցին, թե հավատո՞ւմ են արդյոք Ադրբեջանի այն պնդումներին, թե ԼՂ-ում թիրախավորել են միայն ռազմական օբյեկտները:

«Մենք շատ անհանգստացնող հաղորդումներ ենք ստացել քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Հաղորդումները վերստին ընդգծում են, թե որքան անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղում հիմա անկախ աչքեր լինեն»,-ասաց Փաուերը:

Նա հիշեցրեց, որ ինքը Հայաստանում է նախագահ Բայդենի հանձնարարականով՝ խոսելու իշխանությունների, ՀԿ-ների և ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ:

«Ես և նախագահ Բայդենը անչափ կարևորում ենք այն հարցի հրատապությունը, թե ինչ հետևանքներ պետք է ունենա տեղի ունեցածը: Եվ դրա համար եմ ես նաև այստեղ, որ տեղում իրավիճակին, փաստերին ծանոթանամ, լսեմ ականատեսների վկայությունները, նաև խորհրդակցենք տարածաշրջանի իշխանությունների, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների հետ: Եվ, երբ ես վերադառնամ ու ներկայացնեմ այն պատմությունները, որ լսել եմ ականատեսներից, այդ ամենն անշուշտ օգնելու է, որ նախագահն ու վարչակազմը կարողանան դիտարկվող տարբերակներից ընտրել այն տարբերակը, որը կկիրառվի: Այս պահին ակտիվորեն դիտարկվում են ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակներ»,-ասաց Փաուերը:

ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին է ներկայացնելու Հայաստանում իր աչքով տեսածը, ականատեսների հետ իր զրույցները, ներկայացնելու է, թե ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ բնակիչների համար: ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է աշխատել այդ մարդկանց անհետաձգելի կարիքները հոգալու հարցում:

«Կարծում եմ, որ այն միջոցները, որ ԱՄՆ-ն հատկացնում է հումանիտար կարիքներին աջակցելու նպատակով, կկարողանան դրական տեղաշարժ ապահովել այս մարդկանց համար»,-ընդգծեց Փաուերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորում և ընդունում են Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում, որտեղ նրանք ստանում են աջակցություն, գրանցում են, տեղի է ունենում առաջնային կարիքներիգնահատում:

Տեսանյութեր

Լրահոս