Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի. Մեթյու Միլլեր
ԱՄՆ-ն կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատումը և այս համատեքստում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ:
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Վաշինգտոնը գտնում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությանը վտանգ է սպառնում՝ հաշվի առնելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և վարչապետ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցի ընթացքում Վաշինգտոնի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը:
«Կարծում եմ՝ ես դրան կպատասխանեմ՝ ասելով, որ մեր կարծիքով՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի։ Մենք որոշ ժամանակ է՝ առաջ ենք մղում դա: Մենք հրապարակայնորեն ասել ենք, որ կարծում էինք՝ դա հասանելի է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեին գնալ բարդ փոխզիջումների: Ակնհայտ է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք չենք տեսել դրա իրագործումը։ Ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են հանդիպել։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և, ի վերջո, կամրջեն իրենց երկու երկրների միջև անջրպետը», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Այս հարցում ԱՄՆ-ի ներգրավվածությունը շեշտելով՝ Միլլերը նաև հիշատակել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը Հայաստան, ինչպես նաև վերջին շաբաթվա ընթացքում դիվանագիտական բարձր մակարդակով շփումները կողմերի հետ:
Հարցին՝ արդյոք Յուրի Քիմը պատրաստվում է այցելել նաև Ադրբեջան՝ Միլլերը պատասխանել է. «Ո՛չ, նրանք այնտեղ են (խմբ.՝ Հայաստանում), որպեսզի վերահաստատեն ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, և, իհարկե, օգնելու բավարարել հումանիտար կարիքները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղում վերջին բռնություններից»: