Կոչ ենք անում ԱՄՆ-ին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք հանգեցնում են ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների արհեստական ​​աճին. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, դեսպանը «վրդովեցուցիչ» է որակել Սպիտակ տան պաշտոնյաների ակնարկները Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության գործընկերոջ անվստահելիության մասին։

«ԱՄՆ պաշտոնյաների նման ակնարկները վրդովեցուցիչ են։ Ամերիկացիներն, ըստ էության, կրկնում են որոշ հայ քաղաքական գործիչների կողմից արված ոչ կառուցողական հրապարակային հայտարարությունները, որոնք փորձում են իրենց վրայից հանել ներքին և արտաքին քաղաքականության մեջ սեփական ձախողումների պատասխանատվությունը։

Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի համար հուսալի դաշնակից։ Մենք միշտ անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերել այս եղբայրական ժողովրդին, այդ թվում՝ մեր խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելով։ Այն փաստը, որ ռուս զինվորները զոհվել են իրենց դիրքում, միայն ընդգծում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու դժվար որոշումներ՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու համար։

Կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին։ Նման պնդումները միայն վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների նպատակը ոչ թե իրավիճակի կարգավորումն ու Հարավային Կովկասի խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը և Եվրասիայի միտումնավոր ապակայունացումը՝ տարածաշրջանից մեզ դուրս մղելու նպատակով», – նշել է Անտոնովը։

Տեսանյութեր

Լրահոս