Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է, մարդիկ օրերով մնում են ճանապարհին

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումն` անգամ շրջաններից։ Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ. կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով»,-նշել է Թադևոսյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

Տեսանյութեր

Լրահոս