Տարածաշրջանում արտաքին անվտանգության մարտահրավերները, դրանցից բխող հետևանքները սպառնում են ՀՀ-ում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելուն. փոխվարչապետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործընթացում։

«Դժբախտաբար, մեր տարածաշրջանում առկա արտաքին անվտանգության մարտահրավերները և դրանցից բխող հետևանքները սպառնում են Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելուն։ Չնայած դրան՝ մեր կառավարությունը հավատարիմ է որդեգրած օրակարգի իրականացմանը՝ վստահ լինելով, որ այն կարող է ապահովել նաև անվտանգություն և ինքնիշխանություն», – նշել է Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակը, ԼՂ-ից բռնի տեղահանվող բնակիչների խնդիրները։

Տիգրան Խաչատրյանը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց կեցության վայրով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարվող քայլերը։

Սամանտա Փաուերն ընդգծել է ԱՄՆ կառավարության և մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը նշել է, որ ՀՀ-ին տրամադրված աջակցությունը վերջին ժամանակաշրջանում եռապատկվել է և միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել օժանդակել Կառավարությանը նոր ի հայտ եկած խնդիրների կառավարման հարցում։

Կողմերը քննարկել են այն ծրագրերը և առաջնահերթությունները, որոնց շուրջ առաջիկայում կկենտրոնացվեն ջանքերը։

Տեսանյութեր

Լրահոս