Ադրբեջանական կողմը մանրամասներ է հաղորդել Եվլախում Բաքու- Ստեփանակերտ հանդիպումից
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մանրամասներ է հաղորդել Եվլախում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպման արդյունքներից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ամիրբեկովը նշել է, որ դժվար է ակնկալել երկու կողմերի միջև բոլոր խնդիրների լուծումը մեկ հանդիպման ընթացքում։
«Կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից։ Պետք չէ ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կհաջողվի լուծել մեկ հանդիպման ընթացքում», – ասել է Ամիրբեկովը։
Նա նշել է, որ երկու կողմերի միջև հանդիպումը կարող է հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքման։
«Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը։ Կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների ճգնաժամին և թշնամանքին»,- ասել է Ամիրբեկովը։
Եվլախում կայացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ ԼՂ պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։
Հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։