Բաժիններ՝

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպումը հետաձգվել է

Հայաստանի կանանց ազգային հավաքականը չի կարողացել մեկնել Իսրայել՝ մասնակցելու սեպտեմբերի 21-ին Իսրայելի Ռիշոն լե Ցիոն քաղաքում կայանալիք ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպմանը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պատճառը սեպտեմբերի 20-ին նախատեսված ինքնաթիռային մի շարք չվերթների չեղարկումն է:

ՀՖՖ-ն տեղյակ է պահել ՈւԵՖԱ-ին, որ հաջորդ չվերթը, որով կանանց Հայաստանի ազգային հավաքականը կարող էր մեկնել մրցավայր, նախատեսված է հանդիպման օրը, ինչը հնարավորություն չէր տա մեր թիմին պատշաճ կերպով պատրաստվել հանդիպմանը:

Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր ՈւԵՖԱ-ին, որ, հաշվի առնելով Էստոնիայի հավաքականի հետ իրենց հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը, Իսրայել-Հայաստան հանդիպումը չի կարող տեղի ունենալ սեպտեմբերի 22-ին:

Նկատի ունենալով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ ՈւԵՖԱ-ն կայացրել է Իսրայել-Հայաստան հանդիպումը հետաձգելու որոշում:

Իսրայել-Հայաստան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին, իսկ նախապես նոյեմբերի 30-ին նշանակված Հայաստան-Իսրայել հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս