Մի՛ գցեք ձեզ վրա անտարբերության թիկնոցը

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մեծարգո անդամներ,

Ես Նարինե Մկրտչյանն եմ՝ Մամուլի ազգային ակումբի նախագահը, Նյու Յորքից 9107 կմ հեռավորության վրա գտնվող մի փոքր պետության` Հայաստանի Հանրապետության քաղաքացի և  հին  հայ ժողովրդի զավակ։

Ես դիմում եմ ձեզ բոլորիդ՝ միասին, որպես միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու մանդատ, իրավունք և պարտավորություն ունեցող բարձր հեղինակավոր կառույցի։

Ես դիմում եմ ձեզ առանձին-առանձին, որպես  Անվտանգության խորհրդի անդամ պետությունների, որ պարտավորություն ունեք կենսունակ և գործունյա պահել այս կառույցը։

Ես դիմում եմ ձեզ Երևանից, բայց մեզ բաժանող այս տարածությունը չի կարող խլացնել իմ սրտի ուժգին և տագնապալի զարկերը, որ Հայաստանի Անկախության այս օրը տրոփում են Հայաստանի և Արցախի համար։

Ես դիմում եմ ձեզ՝ հույս հայտնելով, որ դուք չեք կարող թույլ տալ, որ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը նորից ցեղասպանության ենթարկվի։ Դուք չեք կարող թույլ տալ, որ սեփական հողում ապրելու անկոտրում ցանկություն ունեցող Արցախի հայ բնակչությանը  միջնադարյան վայրագությամբ՝  զենքի, պատերազմի սպառնալիքիվ, սովամահության և շրջափակման մատնելով  վտարեն սեփական հողից՝ հայաթափելով նրանց հայրենիքը։ Հայ ժողովուրդն անցել է այդ ամենի միջով դեռևս 20-րդ դարում, երբ աշխարհը միայն ցավ էր ապրում 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ։

Այսօրվա ցեղասպանությունները ծնվել են երեկվա անպատժելիությունից, համընդհանուր անտարբերությունից, աշխարհի այս կամ այն ծայրում տեղի ունեցող ողբերգությունները որպես սեփական ողբերգություն չընդունող կեցվածքից։

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մեծարգո անդամներ,

ձեզնից յուրաքանչյուրի վրա է դրված այդ պարտականությունը՝ կանխե՛լ ցեղասպանությունը և լայնածավալ պատերազմը։

Ադրբեջանն ագրեսոր պետությունն է, որ շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի  վրա ռազմական հարձակումները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարդկության դեմ հանցանք է գործում՝ ցեղասպանության ենթարկելով մի ողջ ժողովրդի։ Ամեն ինչ պետք է իրենց անունով կոչել․ Ադրբեջանը պետք է ճանաչվի որպես ագրեսոր պետություն, և խիստ պատժամիջոցներ կիրառվեն նրա հանդեպ։

Դիմում եմ ձեզ, որպես ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների,

մի՛ գցեք ձեզ վրա անտարբերության թիկնոցը։ Մի՛ կողմ թողեք ձեր աշխարհաքաղաքական շահերն ու տարաձայնությունները և կանխե՛ք պատերազմն ու ցեղասպանությունը Արցախում։ Նոր պատերազմները հագնեցնելու են նորանոր զոհերի, նոր սպառնալիքների, և պատերազմից ծանրաբեռն մեր մոլորակում հողն այրվելու է մեր ու ձեր ոտքերի տակ։

1915թ․ հայոց ցեղասպանության օրերին ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսն աղաղակում էր․  «Արևելքում մեր քույրն է մեռնում»։ Արևելքում ձեր քույրն է մեռնում։ Ականաջալուր եղեք Անատոլ Ֆրանսի կոչին։

Եվ հիշեք լեհ գրող Բոգդան Գեմբերսկու զգուշացումը․ «Ցանկացած գենոցիդի վերջին զոհը արդարությունն է»։ Թույլ մի՛ տվեք, որ արդարությունը և դրան հավատացող ժողովուրդը զոհաբերվի ադրբեջանական ագրեսիային։  Յուրաքանչյուր ժողովրդի մեջ կան անատոլֆրանսներ և բոգդանգեմբերսկիներ․ ականջալուր եղեք նրանց ձայնին։

Նարինե Մկրտչյան

ՀՀ քաղաքացի, Մամուլի ազգային ակումբի նախագահ

Տեսանյութեր

Լրահոս