«Իմ թանկագին եղբայր, շնորհակալ եմ». Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր X հաշվի գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Էրդողանին:
«Իմ թանկագին եղբայր, շնորհակալ եմ Ադրբեջանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձեր ելույթում ցուցաբերած աջակցության համար։ Այսօր, ինչպես միշտ, եղբայր Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին և աջակցում է մեր արդարադատության գործին»։
Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են՝ թե՛ լավ, թե՛ տխուր ժամանակներում։ Մենք միշտ պաշտպանում ենք միմյանց արդարացված դիրքորոշումները միջազգային կազմակերպություններում։ Շուշայի հռչակագրով մեր հարաբերությունները բարձրացան ռազմավարական դաշինքի մակարդակի։
Դուք և ես նոր բարձունքների ենք հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի միջև անսասան միասնությունը՝ միշտ հիշելով Ադրբեջանի ազգային առաջնորդ Հայդար Ալիևի՝ «մեկ ազգ, երկու պետություն» խոսքերը, որոնք մեր եղբայրության խորհրդանիշն են»։
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում ասել է.
«Ինչպես հիմա բոլորն են ընդունում, Ղարաբաղը ադրբեջանական տարածք է: Սրանից այլ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվի: Մեր առաջնահերթ նպատակը պետք է լինի, որ բոլորը, այդ թվում՝ հայերը, խաղաղ ապրեն Ադրբեջանում կողք կողքի: Մենք գործում ենք կարգախոսով. «մեկ ազգ, երկու պետություն»՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Մենք աջակցում ենք այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»։