Լեհաստանը կդադարեցնի զենքի մատակարարումներն Ուկրաինային՝ երկու երկրների միջև հացահատիկի ներմուծման արգելքի տարաձայնությունների ֆոնին
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ իր երկիրն այլևս զենք չի մատակարարի Ուկրաինային։ Այս հայտարարությունը տեղի է ունենում ուկրաինական հացահատիկի մատակարարումների արգելքի շուրջ երկու երկրների տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
«Մենք այլևս զենք չենք մատակարարում Ուկրաինային, քանի որ հիմա սպառազինում ենք Լեհաստանը», – հայտնել է Մորավեցկին։
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում Լեհաստանը մեծապես աջակցել է Կիևին, սակայն վերջին ամիսներին երկու երկրների հարաբերությունները փոքր-ինչ լարվել են։ Դա կապված է այն բանի հետ, որ Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, արգելել են ուկրաինական էժան հացահատիկի ներմուծումը, քանի որ դրանից տուժում էին տեղացի ֆերմերները։
Անցյալ շաբաթ ԵՄ-ն կասեցրեց այս արգելքը, սակայն երեք երկրներ՝ Լեհաստանը, Հունգարիան և Սլովակիան, հայտարարեցին, որ կանտեսեն այս փոփոխությունը և կպահպանեն ներմուծման սահմանափակումները։ Ուկրաինայում սա բողոքի ալիք բարձրացրեց։ Կիևը հայտարարել է, որ այս հարցի շուրջ երեք երկրների դեմ դատարան հայց է ներկայացրել։
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում իր ելույթի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է հացահատիկի ներմուծման արգելքը պահպանելու որոշումը՝ ասելով, որ «մեր որոշ եվրոպացի ընկերներ համերաշխություն են խաղում քաղաքական թատրոնում, բայց թրիլեր են կազմակերպում հացահատիկի հետ կապված», և նշելով, որ այդ քայլով նրանք օգնում են Մոսկվային։ Դրանից հետո Լեհաստանը արտգործնախարարություն է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ նշելով, որ Վարշավան ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից աջակցել է Կիևին, և «խիստ բողոք» հայտնելով Զելենսկիի այս հայտարարության առնչությամբ։