Փաշինյանը մտադիր չէ հանձնել իշխանությունը. «Հրապարակ»

Ըստ «Հրապարակի»` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ բողոքի առաջին ալիքը հանդարտվել է և ոչ մի լուրջ միջադեպ չի արձանագրվելու։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

«Հրապարակի» տեղեկություններով` նախօրեին, երբ հազարավոր քաղաքացիներ Արցախի փրկության համար պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, վարչապետը ՔՊ–ական նեղ կազմի հետ ամբողջ գիշեր քննարկել է իրավիճակը։

«Նա թիմին տեղեկացրել է (գուցե ոչ ուղիղ տեքստով), որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը, ամեն գնով պահելու է։ Սրանով էր թերևս պայմանավորված, որ հրապարակում ոստիկանները բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էին կիրառում քաղաքացիների դեմ»,–գրում է լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման` Փաշինյանն իր ընտանիքին ուղարկել է Սևանի ամառանոց՝ սահմանելով ուժեղացված հսկողություն։

Սակայն տեսնելով, որ ընդդիմությունը երկար ընդմիջում է հայտարարել մինչև մյուս հարահավաք (սեպտեմբերի 19–ին մարդիկ չգիշերեցին փողոցներում և հաջորդ հանրահավաքը հայտարարեցվեց սեպտեմբերի 20–ին ժամը 19.00–ին) և բողոքի առաջին ալիքը հանդարտվել է, վստահ է, որ ոչ մի լուրջ միջադեպ չի արձանագրվելու։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Տեսանյութեր

Լրահոս