Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյանը՝ հույն գործընկերոջը
ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից, անդրադառնալով սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային` Արարատ Միրզոյանն ընգծել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։ Նախարարը հավելել է, որ նույն նպատակն են հետապնդել 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ԼՂ լիակատար շրջափակումը։
Ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային գործընկերների հստակ գործողություններ՝ Ադրբեջանին զսպելու, Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործություն և ողջ Հարավային Կովկասի ապակայունացում թույլ չտալու համար։