Բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են. Սերժ Թանկյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը, որն առաջացել է ինչպես սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման, այնպես էլ 9 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով:

Թանկյանն արձանագրում է՝ «մենք միայն բառեր ենք լսել», որոնց չեն հաջորդել գործողություններ։

«Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը (նրանք չեն կարող ապրել բռնապետության պայմաններում, որը 9 ամիս նրանց սովի է մատնել), որ նրանք կարող են ողջ մնալ, իրենց հայրենիքից հեռանալն է՝ հազարավոր տարիներ իրենց պատկանող հայրենիքից։ Եվ մի մասը կհեռանա՝ անհրաժեշտությունից և հուսահատությունից ելնելով։ Բայց նրանց մնալու համար մեզ հարկավոր են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր, միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք հիմա կգնան այնտեղ», – նշեց Թանկյանը։

Նա հիշեցրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս թեմայի շուրջ սպասվող հրատապ նիստի մասին՝ կոչ անելով ՄԱԿ-ի պատվիրակներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, արդարություն հաստատել և միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Արցախ։ Միևնույն ժամանակ, Սերժ Թանկյանն այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահ զորքերն անվանեց ոչ միայն «անարդյունավետ», այլև Բաքվի «հանցակից», քանի որ եռակողմ համաձայնագրով հենց նրա՛նց պատասխանատվությունն էր պաշտպանել Արցախի քաղաքացիների անվտանգությունը։

«Կարող եմ ասել, որ բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են։ Ի վերջո, Միացյալ Նահանգները իմ հարկերն ուղարկում է Ադրբեջանի ռազմական օգնությանը, նավթային բռնապետության, որը տարեկան միլիոնավոր դոլարներ է աշխատում, որն առատաձեռնորեն օգտագործում է խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում, որպեսզի կաշառի խորհրդարանի անդամներին, որպեսզի նրանք իր դեմ չխոսեն նման իրավիճակում, երբ նրանք պատերազմական հանցագործություններ են իրականացնում։ Իմ հարկերը չպետք է գնան մի երկրի, որը սպանում է իմ մարդկանց, դա աններելի է», – ասաց Թանկյանը։

Սերժ Թանկյանը հավելեց, որ «հայերի դեմ ցեղասպանության մեղսակից են ոչ միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, այլև Իսրայելը», որի կառավարությունը Ադրբեջանին մահաբեր զենքեր է մատակարարում։

«Սա ահաբեկչություն է, սա ցեղասպանություն է։ «Այլևս երբեք»-ը չի վերաբերում միայն մի խումբ մարդկանց։ «Այլևս երբեք»-ը վերաբերում է բոլոր մարդկանց», – ասաց Թանկյանը՝ հավելելով, որ այժմ մենք ականատես ենք լինում նոր ցեղասպանության։

Թանկյանը մի քանի քայլ առաջարկեց։ Նախ, ըստ նրա, հարկավոր է միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Արցախ։ Երկրորդ՝ մարդասիրական կազմակերպությունները պետք է հումանիտար արտակարգ օգնություն ուղարկեն Արցախի հայերին։ Եվ երրորդ՝ հարկավոր է անմիջապես պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին, հեռացնել նրանց բանկային SWIFT համակարգից։

«Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը Հայաստանից միջանցք են ուզում հարավում, որովհետև ցանկանում են վերահսկել Իրանից նավթի ապագա արտահանումները։ Մենք չենք կարող դա թույլ տալ, մենք չենք կարող թույլ տալ, որ ցեղասպանական վարչակարգերը իշխեն այս մոլորակում», – նշեց Թանկյանը։

Տեսանյութեր

Լրահոս