Ժոզեպ Բորելը Տոյվո Կլաարին գործուղել է տարածաշրջան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությամբ պայմանավորված՝ որոշեցի Տոյվո Կլաարին գործուղել տարածաշրջան։ Նա տեղից կզեկուցի իրավիճակի մասին»,– գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Սեպտեմբերի 21-ին Երևանի ժամանակով ժամը 23։00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ կկայանա Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման թեմայով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21։30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Քաղաքացիական բնակչության շրջանում հաստատված 10 զոհերից 5-ը երեխաներ են։
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ԼՂ և Ադրբեջանի իշխանությունների միջև հանդիպում է ընթանում Եվլախում։