ԼՂ-ում էթնիկ զտում է տեղի ունենում արդեն 3 տարի, հիմա դա արագանում է. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին այն համոզմանն է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացնում արդեն 3 տարի:

Ալֆոնսին այս մասին շեշտեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման թեմայով քննարկման ընթացքում:

«Նախ և առաջ, մենք պետք է տեղյակ լինենք, թե ինչ է տեղի ունենում երկարաժամկետ կտրվածքով, ոչ միայն պարզապես հիմա: Էթնիկ զտում է Լեռնային Ղարաբաղում, դա տեղի է ունենում արդեն 3 տարի: Սա այնքան ակնհայտ էր: Չգիտեմ, թե ինչով կարող ենք բացատրել, որ Արևմուտքի, ԵՄ-ի կողմից ավելի շատ արձագանք չի եղել: Եվ հիմա դա արագանում է»,-ասաց Ալֆոնսին:

Պատգամավորը խոսեց նաև Բաքվի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների բացակայության փաստի մասին: Ըստ նրա՝ հիմա այն, ինչ պետք է անել, մոտեցումը, մարտավարությունը փոխելն է, մոտեցումը պետք է փոխեն եվրոպական դիվանագիտական ծառայությունները, ԵՄ-ն: Պատգամավորը շեշտեց՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս պետք է ինքնաքննադատությամբ զբաղվի ու հարմար բառեր գտնի՝ պախարակելու Ալիևին և Ադրբեջանի ողջ ռեժիմին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930