Գերմանիայում նախազգուշացրել են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման մասին՝ ԼՂ-ի վրա հարձակման պատճառով
Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարել է, որ հարկավոր է վճռորոշ և արագ գործել՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և Հայաստանի տարածքի վրա հարձակումը կանխելու նպատակով։ Ռոթն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Դա միակ լեզուն է, որ հասկանում են Ալիևի նման ավտոկրատները։ ԵՄ-ն պետք է քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի հնարավորինս շուտ, որպեսզի Բաքվին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ։ Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը տեղահանելու համար», – գրել է նա։
Միխայել Ռոթը հավելել է, որ հարկավոր է «զգալիորեն ուժեղացնել ԵՄ քաղաքացիական առաքելությունը», որը կշարունակի մշտադիտարկել հայ-ադրբեջանական սահմանը և շփման գիծը՝ կայունացնելու իրավիճակը, ինչպես նաև հայտնաբերելու Ադրբեջանի հնարավոր հարձակումները Հայաստանի տարածքի վրա։
«Մենք պետք է աջակցենք Հայաստանում երիտասարդ, բայց փխրուն ժողովրդավարությանը և այն ավելի մոտեցնենք ԵՄ-ին։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության անկմանը։ Վիզայի ազատականացումը պետք է լինի առաջին կարևոր քայլը դեպի մերձեցում», – եզրափակել է Բունդեսթագի պատգամավորը։
Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական լայնածավալ հարձակմանն անդրադարձել է նաև Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ հենց այնպես չենք ընդունի այս սառնասիրտ ագրեսիան։ Բնականաբար, դա ներառում է նաև տնտեսական հարաբերությունների վերանայում, եթե երկիրը, որի հետ առևտուր ենք անում, դիմում է ռազմական ուժի», – զգուշացրել է նա: