Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ևս 2 մասնակից. նրանցից մեկն անչափահաս է
ՀՀ կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը մեծ ծավալով շարունակվում է։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ համագործակցված իրականացվող քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումներով պարզվում են զանգվածային անկարգությունների կազմակերպման, իրականացման մեխանիզմներն ու հանգամանքները։ Ձեռք բերված տվյալների համաձայն` Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի մոտ, բազմության կուտակումը և զանգվածային անկարգություններին մասնակցությունն իրականացվել է նաև Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչների, խմբերի կողմից կազմակերպված ձևով՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններով։
Ագրեսիվ վարքագծի դրսևորմամբ և հրահրմամբ հավաքն աստիճանաբար վերածվել է զանգվածային անկարգությունների, որոնք դրսևորվել են խաղաղ հավաք անցկացնելու, հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, դեպի Կառավարության շենքի մուտքի դռները ոստիկանական պատի ուղղությամբ զանգվածային մեծ ճնշում գործադրելով քաշքշոցների, Կառավարության շենքի և ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու միջոցով։
Զանգվածային անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել թվով 16 ոստիկան, ինչպես նաև 26 քաղաքացիական անձ, որոնց մեծ մասը, բուժօգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։
Տուժած անձանց առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են 29-ամյա և 16-ամյա՝ Արցախի նախկին բնակիչ հանդիսացող երկու անձինք։ Նրանցից առաջինի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգված, որի տեսակը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։
Նախնական տվյալներով՝ ձերբակալված անչափահաս քաղաքացին առերևույթ մասնակցություն է ունեցել ոստիկանների ուղղությամբ քարեր, այլ առարկաներ ակտիվորեն նետելու գործողություններին։ Եվս երեք մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով։
Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, որի արդյունքում առգրավվել են 50-ից ավելի քարեր, շշեր, երկաթի կտորներ, ոստիկանության համազգեստի և պաշտպանիչ միջոցների կտորներ և այլն։
Ստացվել և ուսումնասիրվել են երկու տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արդեն իսկ արձանագրվել և անհատականացվել են զանգվածային անկարգություններին մասնակցող տասնյակից ավելի անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները։ Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։
Միջոցներ են ձեռնարկվում նաև՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու ուղղությամբ։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: