Ռուս-իրանական համագործակցությունը նոր մակարդակի է հասնում. Շոյգուն հանդիպել է իր իրանցի գործընկերոջը

Մոսկվայի և Թեհրանի փոխգործակցությունը նոր մակարդակի է հասնում, և կողմերի միջև երկխոսությունն այսօր հատկապես ինտենսիվորեն է զարգանում։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանիի հետ բանակցությունների ժամանակ:

«Մենք նպատակամիտված ենք իրականացնելու պլանավորված միջոցառումների ողջ շրջանակը, չնայած ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից հակազդեցությանը: Ռուսաստանի և Իրանի վրա պատժամիջոցների ճնշումը ցույց է տալիս իր անհեռանկարայնությունն այն դեպքում, երբ ռուս-իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի է հասնում», – ասել է Շոյգուն Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանիի հետ բանակցությունների ժամանակ:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է իր պատրաստակամությունը «Մերձավոր Արևելքում կայունության և անվտանգության ամրապնդման բնագավառում հետագա համատեղ գործողություններին»։

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ այսօր ռուս-իրանական երկխոսությունը հատկապես ինտենսիվորեն է զարգանում», – ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ դա մեծապես պայմանավորված է Ռուսաստանի և Իրանի առաջնորդների միջև ձևավորված վստահելի հարաբերություններով։

«Հանդիպումների բարձր դինամիկան հաստատում է ընդհանուր տրամադրվածությունը պաշտպանական ոլորտում ռազմավարական գործընկերության և ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանը», – ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նա իր գործընկերոջն առաջարկել է բանակցությունների ընթացքում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս