Արցախի իշխանությունները պետք է շատ արագ որոշումները կայացնեն ու ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն․ Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծում է, որ ԼՂ իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ որոշում կայացնեն և ներկայացնեն դա ժողովրդին, քանի որ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը տարբեր ուղություններով աճում է, իսկ հայկական կողմում ավելանում է զոհերի ու վիրավորների թիվը։

«Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը:

Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում: Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին: Այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում մեր հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով: Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում:

Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով:

Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել՝ հանուն Արցախի ժողովրդի ու հայրենիքի պատառիկների նույնիսկ մթագնած ապագայի: Յուրաքանչյուր պայքար պետք է որոշակի տեսանելի հեռանկար ունենա, առավել ևս, երբ կշեռքի մյուս նժարին դրված են հազարավոր մարդկային կյանքեր:

Ամուր եղե՛ք, ժողովու՛րդ: Մենք վեր հառնելու ժամանակ դեռ կունենանք:

Հ.Գ. Թող հատկապես Արցախից դուրս գտնվող որևէ մեկը չփորձի ինձ հայրենասիրության դասեր տա՝ կտրված լինելով այս դաժան իրականությունից, որի միայն մի փոքր մասն է դրսից տեսանելի»:

Տեսանյութեր

Լրահոս