
Կանադան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները

Կանադան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և զերծ մնալ խաղաղ բնակչության համար վտանգ ներկայացնող քայլերից։ Այս մասին նշված է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի տարածած հայտարարությունում։
«Կանադան լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած ռազմական միջամտության հետևանքով Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայի և հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ հետագա հումանիտար հետևանքներից խուսափելու համար», – նշված է հայտարարությունում։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության և բարեկեցության համար, և բարեխղճություն դրսևորել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատարակարումների վերականգնմանը՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների առաքման համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով», – հավելել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։
Հայտարարությունում նաև ընդգծվում է հակամարտության խաղաղ կարգավորման, կողմերի միջև երկխոսության, ուժի չկիրառման և հակամարտության լուծման հարցում «տարածքային ամբողջականության և ինքնորոշման» կարևորությունը։
«Կանադան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ մեղմելու այս անհիմն ռազմական գործողության ազդեցությունը խաղաղ բնակիչների վրա, որոնք արդեն իսկ տուժել են ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակումից, և գտնելու այս հակամարտության կայուն, բանակցային լուծում», – եզրափակել է Մելանի Ջոլին: