Բաժիններ՝

Հայ կին գործարարները համախմբվել են «Հաջորդ կայարանը՝ նպատակների իրագործում…» նախաձեռնության շուրջ

«Հաջորդ կայարանը՝ նպատակների իրագործում…» խորագրով ցուցահանդես-վաճառքը, որն աչքի է ընկել գույների բազմազանությամբ, բերքառատ սեղաններով, անուշահամ, մեղրածոր քաղցրավենիքներով, ձեռքի յուրատիպ աշխատանքներով, սեպտեմբերի 17-ին մեկ հարթակում է համախմբել հայ գործարար կանանց:

«ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք»-ում կազմակերպված միջոցառման հիմնական նպատակը ժամանակակից հայ կնոջ նորարարական գաղափարները, ավելին ստեղծելու և հասարակությանը օգտակար լինելու ձգտումը, ձեռքի և մտքի արգասիքը հասարակական լայն շրջանակներին հասանելի դարձնելն է եղել:

Վաճառքից գոյացած հասույթն ուղղվել է բարեգործությանը՝ «Հերոսների վերականգնողական քաղաք»-ին: «Մեր նպատակն է հայ կին ձեռներեցներին հնարավորություն տալ ևս մեկ քայլով մոտենալու իրենց նպատակներին, չէ՞ որ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց գեղեցիկ երազանքներին, իսկ մեր կին ձեռներեցների նպատակները համարձակ են և գեղեցիկ»,-նշել է ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ, «A&S concern» ընկերության հիմնադիր-տնօրեն Սուսաննա Չելիկյանը:

Միջոցառման կազմակերպիչներ Գրետա Արսենյանը և Սյուզաննա Գրիգորյանը, ինչպես նաև կամավորները՝ «Եվրասիա միջազգային համալսարանի» ուսանողները, ցուցահանդես-վաճառքի ամբողջ ընթացքում հոգացել են ներկաների հագեցած ժամանցի՝ հյուրասիրության և բարձրորակ երաժշտության ապահովման մասին: Կանանց տարբեր խմբեր խաղ-մրցույթի շրջանակում «Հերոսների վերականգնողական քաղաքի» վերջերս բացված հացատանը անուշահամ կերակուրներ են պատրաստել՝ կրկին ի գործ դնելով հայ կնոջ ստեղծագործ միտքը:

«Մեր գործընկեր ձեռներեց կանանց համախմբելու գաղափարը ծնունդ է առել դեռևս ամիսներ առաջ: Այսօր, երբ արդեն քաղում ենք մեր գաղափարի պտուղները, երբ տաղավարների շուրջ տեսնում ենք ժպտացող դեմքեր, գոհունակ հայացքներ, հասկանում ենք, որ չենք սխալվել և ինչպես մեր կարգախոսն է ենթադրում՝ ունենալու ենք նոր կայարաններ ևս՝ հանուն նպատակների իրագործման»,-նշել է կազմակերպիչ Գրետա Արսենյանը:

Տիկնիկագործությունից մինչև ձեռագործ պայուսակների արտադրություն, անուշաբույր մոմերից մինչև օճառների, խնամքի պարագաների ստեղծում: Կանացից շատերի համար դժվար է սեփական ստեղծագործությունից հրաժարվելը, բայց հանուն նպատակների իրագործման չեն երկմտում՝ անելու քայլը դեպի հաջորդ կայարան՝ նպատակների իրագործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս