Բաժիններ՝

Վրաստանի հատուկ ծառայությունը հայտարարել է երկրում նախապատրաստվող հեղաշրջման մասին

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մարդկանց որոշակի խումբ, որը գործում է Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս, այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պլանավորում է ապակայունացնել երկրում իրադրությունը և կազմակերպել անկարգություններ՝ նպատակ ունենալով բռնի ուժով տապալել ներկայիս իշխանություններին։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Ապակառուցողական գործընթացների մեկնարկի ժամկետը ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն է, երբ պետք է հրապարակվի Եվրահանձնաժողովի որոշումը Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ «դավադիրներն» ակնկալում են, թե Եվրահանձնաժողովի որոշումը բացասական կլինի Վրաստանի համար, ինչն առիթ կհանդիսանա՝ իշխանություններին մեղադրելու ռուսական շահերը հետապնդելու մեջ։

Հայտարարության մեջ նշվում են «դավադրության» կազմակերպիչները՝ Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նրա նախկին տեղակալ, այժմ Ուկրաինայի ռազմական հակահետախուզության ղեկավարի տեղակալ Գիա Լորտքիփանիձեն, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի նախկին թիկնապահ Միխայիլ Բատուրինը, ինչպես նաև Ուկրաինայում գործող «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկի Մամուլաշվիլին։

Հատուկ ծառայությունը հաղորդում է, որ Վրաստանում ապակայունացման մի քանի սցենար է մշակվում, այդ թվում՝ Թբիլիսիի կենտրոնում «վրանային քաղաքի» ստեղծումը, արգելապատնեշների տեղադրումը, կառավարական շենքերի պիկետավորումն ու գրավումը, սադրանքները, մասնավորապես, բողոքի ակցիայի ժամանակ դրա մասնակիցներից մեկի սպանությունը և դրանում ոստիկանությանը մեղադրելը:

«Նշված ռիսկերը չեզոքացնելու նպատակով Պետական ​​անվտանգության ծառայությունն իրականացնում է և կիրականացնի բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները՝ փոխգործակցելով իրավասու այլ մարմինների հետ», – նշվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս