Պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերն այն պարագայում, եթե ուժը կիսում է ամբողջական իշխանափոխության մեր տեսլականը. Թևանյան
«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ընտրողին: Կոտրեցինք այն թեզը, որ ընտրություններով հնարավոր չէ հասնել իշխանափոխության: Մեր ժողովուրդն ինքն արեց այդ քայլը, և բոլոր այն տեսակետները, որ սխալ է մասնակցությունը, հակառակը եղավ: Մենք լեգիտիմացրեցինք իրենց պարտությունը»,- Երևանի ավագանու՝ երեկ տեղի ունեցած ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Վերջինս նկատեց՝ ամբողջական իշխանափոխություն հնարավոր է, և հանրային ճնշմամբ պետք է ձևավորել նոր կառավարություն ու մեկ տարվա ընթացքում անցկացնել խորհրդարանական ընտրություններ:
Անդրանիկ Թևանյանը նշեց՝ կան սկզբունքներ, որոնց համաձայն՝ իրենք կորոշեն կոալիցիա կազմելու հարցը:
«Պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի կառավարմանը: Այն ուժը, որը հավակնութուններ ունի մեզ հետ համագործակցել, որևէ պարագայում չպետք է համագործակցի Նիկոլ Փաշինյանի հետ և պետք է կիսի ամբողջական իշխանափոխության մեր գաղափարը: Այս առումով մենք բաց ենք քննարկումների համար»,- ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավարը:
Նրա խոսքով՝ այս ընտրությունների միջոցով պայթեց ընտրություն չկեղծող իշխանության վերջին միֆը:
Հարցին՝ դեմ չէ՞, որ Հայկ Մարությանը լինի քաղաքապետ, նա պատասխանեց՝ քննարկումներ չեն եղել, իրենք պատրաստ են քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերն այն պարագայում, եթե ուժը կիսում է ամբողջական իշխանափոխության իրենց տեսլականը:
«Մենք կարող ենք օգնել, որ ինքը համապատասխան ձայներ հավաքի, եթե պարզվի, որ կիսում է մեր գաղափարը: Որևէ պաշտոն չենք ուզում, վերահսկողական լծակ չենք ուզում: Պարտադիր է մեր մոտեցումը կիսելը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: