Հայ ջազմենները ելույթ ունեցան Մոսկվայի 876-ամյակին նվիրված տոնական համերգին
Ջազային կատարումներով հայ և ռուս երաժիշտների հայտնի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայի 876-ամյակի առթիվ կազմակերպված տոնական համերգի ընթացքում։ Ջազային երեկոն նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ինչպես տեղեկանում ենք «Դոմ Մոսկվի»-ի տարածած հաղորդագրությունից, երեկոյի ընթացքում հանդիսատեսին իրենց վիրտուոզ կատարումներով ներկայացան ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Գարիկ Սարիբեկյանը (ստեղներ), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արամ Վարդանյանը (կիթառ), Պերճ Նահապետյանը և Ալեքսանդր Արամյանը (հարվածային գործիքներ):
Համերգային ծրագրում առանձնահատուկ տեղ էին գրավում Արամ Խաչատրյանի երաժշտության իմպրովիզացիաները, որի 120-ամյակը այս տարի առանձնահատուկ շուքով նշվեց Հայաստանում և Ռուսաստանում:
«Իր կյանքով և ստեղծագործությամբ Արամ Խաչատրյանը դարձավ Հայաստանի և Ռուսաստանի մշակութային փոխհարստացման վառ մարմնացումը։ 57 տարի նա ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, որտեղ սովորել է, հետագայում դասավանդել, ներկայացել բազմաթիվ համերգներով և գրել է իր լավագույն ստեղծագործությունները, որոնք դարձել են համաշխարհային մշակույթի գլուխգործոցներ: Պատահական չէ, որ այսօրվա համերգը որոշեցինք նվիրել միանգամից երկու կարևոր տարեթվի՝ Մոսկվայի 876-ամյակին և Արամ Խաչատրյանի 120-ամյակին»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Արամ Խաչատրյանը շատ էր հետաքրքրվում ջազով և հեռավոր 1930-ականների վերջին հաճախում էր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ հայտնի ջազ նվագախմբի փորձերին։ Ես նույնիսկ դրա մասին վկայող լուսանկար ունեմ։ Ավելին, Խաչատրյանն իր ստեղծագործություններում հաճախ է օգտագործել ջազային տարրեր։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս գեղեցիկ համերգին, որտեղ կոմպոզիտորի հոբելյանի տոնակատարությունը զուգակցվել է Մոսկվայի տարեդարձի հետ, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Արամ Խաչատրյանը: Հաճույքով եմ համագործակցում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ, որի տնօրենը ոչ միայն լավ ղեկավար է, այլև ստեղծագործ մարդ», – նշեց ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխաս)։
«Ականատես եղա հետաքրքիր համերգի, որտեղ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ: Մեծ հաճույք եմ ստացել։ Ուրախ եմ, որ այս դժվարին ժամանակներում հնարավորություն ունեցանք նման հրաշալի երաժշտություն լսել մեր ջազային վիրտուոզների կատարմամբ», – նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանը:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև ռուսաց լեզվի և գրականության հանրահռչակման համար Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը։ Այն 2022-ից հանձնվում է Հայաստանի բուհերի ուսանողներին, որոնք իրենց ներդրումն են ունենում հայ-ռուսական մշակութային և կրթական երկխոսության զարգացմանը նպաստող նախագծերում։ Այս տարի այն ստացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհի Ռուզաննա Մխիթարյանը:
Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում էին օգոստոսի 31-ից սեպտեմբերի 17-ը՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։