
Ակնայով տեղափոխված պարագաները Արցախի կառավարությանը կփոխանցվեն միայն փորձաքննությունն անցնելուց հետո. շտաբ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում: Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:
«Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:
Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ: