«Հանրային ձայն»-ը պատրաստ է համագործակցել «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան»-ի հետ՝ մեկ պայմանով

Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած «Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել և կոալիցիա կազմել շեմը հաղթահարած «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, սակայն դրա համար պայման է առաջադրում։ Կուսակցությունը բացառում է «Քաղաքացիկան պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ որևէ համագործակցությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահ Վահան Ավագյանը։

«Ի սկզբանե հայտարարել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ երբեք ոչ մի տարբերակով ոչ համագործակցելու ենք, ոչ էլ կոալիցիա ենք ձևավորելու, ոչ էլ իրենց արբանյակ կուսակցությունների հետ։ Իսկ ինչ վերաբերվում է հետագա քայլերին, մեր պատվավոր նախագահը ( Հանրային ձայն կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյան-խմբ․) արդեն ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է միավորվել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ և նշել է պայմանները, այն է՝ քաղաքապետարանի վերահսկողական բոլոր վարչությունները պետք է անցնեն «Հանրային ձայն» կուսակցությանը։ Մենք ձեռք մեկնել ենք մեր պայմաններով, քաղաքապետի աթոռակռիվ չենք անում, մենք ի սկզբանե գալիս ենք իշխանափոխության ոչ միայն քաղաքի, այլ նաև Հայաստանի։ Այդ իսկ պատճառով մեզ համար քաղաքապետ դառնալու կամ չդառնալու հարց չկա»,- ասաց Ավագյանը։

Հարցին, թե արդյոք արդեն կա քննարկում տվյալ քաղաքական ուժերի հետ, նա պատասխանեց՝ դեռ ոչ։

Նա նաև նշեց, որ բացառում են համագործակցությունը նաև «Հանրապետություն» կուսակցության հետ, որը ևս հաղթահարել է անցողիկ շեմը։

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում։

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32․57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18․89 տոկոս, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների 15․43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11․32 տոկոս, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների 9․68 տոկոս։

Տեսանյութեր

Լրահոս