
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ԱԹՍ- ն

Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ցամաքային զորքերը ներկայացրել են իրենց առաջին մարտական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է China Daily պարբերականը։
Անօդաչու թռչող սարքը, որը ներկայացվել է Տյանցզինում Չինաստանի ուղղաթիռների 6-րդ ցուցահանդեսի շրջանակներում, ստացել է KVD002 անվանումը. այն դարձել է ՉԺԱԲ-ի ցամաքային զորքերի առաջին հետախուզական մարտական անօդաչու թռչող սարքը։
Ինչպես գրում է հրատարակությունը, անօդաչուն հանդերձված է «օդ-երկիր» դասի AR-1 երկու հրթիռով, ինչպես նաև հետախուզական սարքավորմամբ։ ԱԹՍ-ն նախատեսված է՝ մեծ տարածքում երկարաժամկետ հետախուզություն իրականացնելու և բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու այնպիսի օբյեկտների, ինչպիսիք են հակաօդային պաշտպանության միջոցները, զրահատեխնիկան և հակառակորդի ամրությունները:
ԱԹՍ-ն մշակողը չի բացահայտվում, սակայն պարբերականը ենթադրում է, որ այն կարող է ստեղծված լինել CH-4 անօդաչուի հիման վրա, որը կարող է օդում գտնվել մինչև 30 ժամ, իսկ նրա առավելագույն արագությունը ժամում հասնում է 230 կիլոմետրի։