
Իտալիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով որոշ շենքեր են վնասվել

Վաղ առավոտյան Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, սակայն առանձին շենքեր վնասվել են։ Այս մասին RaiNews24 հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է Տոսկանայի մարզի ղեկավար Էուջենիո Ջանին։
«Ներկայում երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը գտնվել է Մարադի քաղաքում, որևէ կրիտիկական իրավիճակ չի արձանագրվել։ Որոշ շենքեր վնասվել են։ Իրավասու մարմինները շարունակում են ստուգել շենքերն ու շինությունները։ Երկրաշարժի գոտում անհապաղ փակվել են դպրոցները», – նրա խոսքերն է փոխանցում «РИА Новости» գործակալությունը։
Ըստ Տոսկանայի ղեկավարի՝ արտակարգ իրավիճակների տարբեր ծառայություններ շուրջ 300 հեռախոսազանգ են ստացել մտահոգ քաղաքացիներից:
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) տվյալներով՝ Իտալիայի կենտրոնական մասում տեղի ժամանակով առավոտյան 05։10-ին գրանցվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները գրանցվել են Տոսկանայի ոչ մեծ Մարադի քաղաքի մերձակայքում, որտեղ ապրում է 3 հազարից պակաս մարդ։ Երկրի մակերևույթի տատանումներն զգացել են Տոսկանայի և Էմիլիա Ռոմանիայի մարզերի բազմաթիվ բնակավայրերի բնակիչներ։