
Անգլիայում տեղատարափների պատճառով փակվել է օդանավակայանը, հեղեղվել են ճանապարհներ

Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Էքսետերի օդանավակայանը, որը հեղեղվել էր տեղատարափ անձրևների պատճառով, սեպտեմբերի 18-ին կվերաբացվի։ Այս մասին հաղորդում է Sky News պարբերականի հրապարակումը։
Օդանավակայանը սեպտեմբերի 17-ին հեղեղումների պատճառով փակվել էր, չվերթերը չեղարկվել էին։ Ըստ օդանավակայանի հաղորդագրության՝ թիմերն ամբողջ գիշեր աշխատել են, որպեսզի վերացնեն հեղեղների հետևանքները։
Հեղեղներից հիմնականում տուժել է Անգլիայի հարավ-արևմտյան Դևոնի կոմսությունը, որտեղ փակվել են ճանապարհներ, չեղարկվել է ավտոբուսների և գնացքների երթևեկությունը, փակվել է նաև Փեյնթոն քաղաքի կենդանաբանական այգին։
Դևոնում և Սոմերսեթում ամպրոպի և տեղատարափների պատճառով հայտարարվել էր եղանակային նախազգուշացման նարնջագույն մակարդակ, իսկ Անգլիայի և Հարավային Ուելսի որոշ այլ հատվածներում՝ դեղին մակարդակ։
Օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ «Լի» փոթորիկը, որը դեպի Մեծ Բրիտանիա է շարժվում ԱՄՆ-ից և Կանադայի արևելքից, կարող է սեպտեմբերի 19-21-ը ուժգին քամիներ և հորդառատ անձրևներ բերել իր հետ, սակայն այն արդեն չի ունենա փոթորկի ուժգնություն։