Իտալիայում գների աճի ֆոնին տնային տնտեսությունների ծախսերի անկում է գրանցվել
Բարձր գնաճը և բարձր ծախսերը վկայում են, որ իտալացիների ծախսերը շարունակում են նվազել, և եթե ընթացիկ միտումը շարունակվի, ապա տարվա երկրորդ կիսամյակում դրանք կնվազեն ևս 3,7 միլիարդ եվրոյով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գնաճը դանդաղեցնում է սպառումը, գնողունակության և խնայողությունների անկումը սկսում է զգալիորեն ազդել ընտանիքների ծախսերի վրա»,- ասված է Եվրոպական հետազոտական կենտրոնի ասոցիացիայի կողմից պատվիրված զեկույցում։
Փորձագետները, որպես սպառման բացասական իրավիճակի հիմնական պատճառ, նշում են բարձր գնաճի երկար ժամանակաշրջանը, որը նվազեցրել է իտալացիների գնողունակությունը։ Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ առաջին փուլում քաղաքացիները, սպառման նույն մակարդակը պահպանելու համար, ստիպված են եղել օգտագործել իրենց խնայողությունները, որոնք, սակայն, նկատելիորեն նվազել են գների մշտական աճի վերջին երկու տարիների ընթացքում։
Միաժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ գնաճը զսպելու նպատակով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից իրականացվող տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում նաև շատ ընտանիքների, հատկապես հիփոթեքային վարկեր վերցրածների գնողունակության վրա։
Իտալիայում ՀՆԱ-ի հետ կապված փոփոխությունները կախված կլինեն վերջնական սպառման դինամիկայից, որի ծախսերի մասնաբաժինը ՀՆԱ-ում այս տարի պետք է նվազի մինչև 59,3%: Սա 2000 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։