Բաժիններ՝

Սուսերամարտի մրցաշար՝ նվիրված Մոսկվայի 876 տարեդարձին

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը Երևանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի հետ ամփոփել է սուսերամարտի ամենամյա 2-րդ մրցաշարը՝ նվիրված Մոսկվայի 876-ամյակին։ Մրցաշարն անցկացվել է մինչև 14 տարեկան տղաների և աղջիկների միջև, որին մասնակցել են ավելի քան 50 մարզիկներ։

Ինչպես տեղեկանում ենք «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունից, մրցաշարի առաջին օրը մասնակցում էին պատանի մարզիկներ Երևանից, Գյումրիից և Վանաձորից։ Թեժ պայքարում հաղթող են ճանաչվել Հակոբ Մանուկյանը և Կամիլա Ախմետովան (1-ին տեղ), Նարեկ Հովհաննիսյանը և Սոֆի Մկրտչյանը (2-րդ տեղ), Նաիրի Զալիբեկյանը, Էդգար Մկրտչյանը, Մոնիկա Մարկոսյանը և Հասմիկ Խաչատրյանը (III տեղ)։

Երկրորդ օրվա արդյունքներով հաղթող են ճանաչվել Մուշեղ Խաչատրյանը և Անի Մելքումյանը (1-ին տեղ), Նարեկ Հարությունյանը և Նարինե Մալխասյանը (II տեղ), Միխայիլ Կանովը, Բորիս Սարգսյանը, Սիլվա Վարդանյանը և Նանե Թարբոշյանը (III տեղ)։

Սուսերամարտի լավագույն տեխնիկայի մրցանակը շնորհվել է Կամիլա Ախմետովային։ «Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել, ինչպես նաև արժանանալ բարձր գնահատականի իմ տեխնիկայի համար»,- նշել է Կամիլա Ախմատովան։

Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, գավաթներով և մեդալներով։

«Սպորտային մրցումներն ու մրցաշարերը մարդու մեջ ձևավորում են բնավորություն և առաջնորդական որակներ, ինչը, կօգնի մեր երեխաներին ապագայում նոր բարձունքներ նվաճել ցանկացած ոլորտում։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը կշարունակի նպաստել ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ Մրցաշարը նաև նպատակ ունի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև սպորտի ոլորտում գործակցությունը»,- նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Մրցաշարն իսկապես բարձր մակարդակով անցավ։ Այս տարի մասնակցում էին Երևանի, Գյումրիի և Վանաձորի լավագույն մարզիկները։ Վստահ եմ, որ տարեցտարի մենք կբարձրացնենք մեր մրցումների մակարդակը»,- ​​նշել է սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արտաշես Մադոյանը։

Սուսերամարտի 1-ին մրցաշարն անցկացվել է 2022 թվականին Մոսկվայի 875-ամյակի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի 15-ամյակի միջոցառումների շրջանակում, որի հատուկ հյուրը աշխարհի կրկնակի չեմպիոն, թիմային առաջնությունում Եվրոպայի վեցակի չեմպիոն, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանն էր։

Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում են Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս