Սյունիքի մարզպետի եւ Կապանի ՔՊ-ականների հարաբերությունները կրկին լարվել են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետի եւ Կապանի ՔՊ-ականների հարաբերությունները լարվելու նոր պատճառ կա՝ ԲԿ տնօրենի պաշտոնից Ասատուր Ասատրյանին ազատելու հրամանը։ Վնասվածքաբանի մասնագիտությամբ Ասատրյանը Կապանի ավագանու ՔՊ-ականներից է, պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտերիմը, տնօրեն է նշանակվել 2022-ի հունվարին՝ մեկ տարով: Մարզպետը նրան դժկամությամբ էր նշանակել՝ ընդառաջելով Արսեն Թորոսյանի, Դանիելյանի խնդրանքին:
Ըստ որոշ լուրերի՝ ԲԿ-ն պարտքեր է կուտակել, ինչն էլ դարձել է ազատման պատճառը։ «Դա իրականությանը չի համապատասխանում․․․․ Դա ոչ թե կուտակված պարտքեր են, այլ հիմնավորված բաներ են, որոնց մասին ես առայժմ չեմ ուզում խոսել»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ մարզպետի որոշումը պատրաստվում է բողոքարկել դատական կարգով, որովհետեւ չգիտի, թե «ինչի համար է ազատվել»։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ, Կապանի ԲԿ-ի տնօրենի ԺՊ է նշանակվել մասնագիտությամբ դեղագործ, 61-ամյա Արմեն Թադեւոսյանը, ով մինչ այդ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետն է եղել»: